Архив за месяц: Март 2017

Վախթանգ Անանյան Հավատարիմ ընկերը

1

Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրր քարքարոտ լանջով։

Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։

Եղեգնուտում բադեր երևացին։ Սկսեցի զգուշությամբ առաջ գնալ, բայց Զանգին՝ իմ որսի շունը՝ ինձ մատնեց. բադերն իսկույն ոասկացան, որ ես որսկան եմ։ Հենց որ հրացանս մեկնեցի՝ ճղճղոցով թռան։ Բայց ո՜ւր պիտի փախչեն. կոտորակը ոասավ նրանց ետևից և բադերից մեկը մնաց ջրի երեսին ու թևերը թափահարելով սկսեց տարուբերվել։

Զանգին թեև շատ փոքր էր ու դեռ կարգին լողալ չգիտեր, բայց ուրախության կլանչներ արձակեց և ջուրը նետվեց։

— Զա՛նգի, Զա՛նգի…

Բայց նա ուշադրութիւյուն չդարձրեց ու սկսեց լողալ, դունչը ջրից վեր ցցած։ Ափին մի նավակ կար, նստեցի ու թիավարեցի։

— Զա՛նգի, դե՛սը, Զա՛նգի,— կանչում եմ ես։ Ուզում եմ հասկացնել, որ դեպի իմ կողմը լողա։ Բայց նա ջրի հետ կռվելով դեպի բադն է շարժվում։

Երբ ես մոտեցա, շունն արդեն վերջին ուժերն սպառած՝ սուզվեց ջրի տակ… Բադը փռված էր երկու-երեք քայլաչափ նրանից հեռու։ Ափսոսացի կորուստիս համար և գլխիկոր նստեցի նավակի հատակին։ Հենց այդ վայրկյանին Զանգին երևաց ջրի երեսին, ղլղլացրեց, վերջին անգամ թույլ-թույլ շարժեց ոտներն ու հասնելով բադին, բերանով բռնեց նրա ոտներից։ Բադն իր թեթև փետուրներով իմ թեթև շանը կարող էր մի պահ լճի երեսին պահել, բայց ջուրն սկսեց լցվել նրա բաց բերանը։ Նա խեղդվելով սկսեց ցած իջնել և բադն էլ հետը ջրի խորքը քաշել։

Ես այնպես ուժեղ թիավարեցի, որ նավակը ոստնեց և ջուրն արագ պատռելով շանը հասավ այն ժամանակ, երբ միայն բադի գլուխն էր երևում։ Բռնեցի թռչնի կտուցից ու կամաց վեր քաշեցի։ Զանգին բերանից օդի պղպջակներ արձակելով, դեռ ամուր կախված էր բադի ոտներից։

Երբ իմ որսը ջրից հանեցի, դուրս եկավ նաև Զանգիի գլուխը։ Լոշտակ ականջներից վեր քաշեցի ու պառկեցրի նավակի հատակին։ Նա աչքերը խփած արագ-արագ շնչում էր։

Էլեկտրական ջրհանում աշխատող բանվորները աղմուկով դեպքի վայրը հասան, Զանգիին ափ հանեցին, կախեցին գլխի վրա, ջուրը քչքչալով սկսեց փորից դուրս թափվել։

— Փրկվե՛ց, էլ բան չկա,— հուսադրեց ինձ ջրհան կայանի վարպետ Սամսոնը։

Շունն սկսեց դողալ, ծնոտները կափկափում էին։ Ես նույնպես ամբողջովին թրջված էի։

— Տղե՛րք, մի թեժ կրակ արեք,— կարգադրեց վարպետ Սամսոնն ու բադը վերցնելով, հարցրեց.

— Հը՞, բմբուլը քամուն չտա՞նք…

— Խնդրեմ,— պատասխանեցի ես ու սկսեցի շորերս մզել։

Թեժ կրակի մոտ նստած ես չորացնում էի շորերս ու մտածում, թե ի՜նչ համառ որսորդ է այս կենդանին, կյանքը կտա, բայց որսը ձեռքից բաց չի թողնի…

Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Զանգին ոչ միայն լավ որսորդ է, այլև լավ ընկեր։

2

Լույսը նոր էր բացվել, երբ վարպետ Սամսոնը ձայն տվեց.

— Քաղաքացի ախպեր, ճաշ դառավ, վեր կաց…

— Էնիկ օրդկները երազում կփրթի,— ծաղրեց գյումրեցի մի բանվոր։

Վեր թռա, հագնվեցի ու Զանգիի հետ դուրս եկանք բարաքից։ Տաք աղբյուրների ակունքներում, գետի ափերին, վայրի բադերը եռանդուն ետ էին տալիս տիղմը, քրքրում էին մամուռներն ու կեր ճարում։

Ձկնկուլը երբեմն թափով խփում էր ջրին, վայրկենապես դուրս բերում ձկնիկն ու փայլեցնում արեգակի առաջին շողերի տակ։

Եղեգնուտներում վայրի թռչունները ճղճղոց էին բարձրացրել:

Քրդական խրճիթների արանքով մոտենում եմ գետին։

Պատանի հովիվը, որ շվշվացնելով, չարաճճի այծերին հայհոյելով, ֆերմայի հոտը դուրս էր անում գոմից, ինձ նկատեց ու զարմացած նայեց։

— Ինչ ես կուչ-կուչ անում, տո՛,— հարցրեց նա քրդերեն։

Ձեռքով նշան արի. լռեց ու սկսեց հետաքրքրությամբ նայել։

Հասա մի քարի, կուչ եկա նրա հետևում և հարմար առիթի էի սպասում կրակելու։

Խելացի շունը փորսող տալով առաջ եկավ, թաք կացավ ոտներիս մոտ և սկսեց անհամբերությամբ մեկ բադերին, մեկ ինձ նայել։

Հրացանը մեկնեցի ու հենց ուզում էի կրակել, մեկ էլ հետևիցս դղրդյուն լսվեց. դինամիտով ժայռ պայթեցրին։ Աղբյուրներից, եղեգնուտներից ու գետի կղզյակներից բադերը սարսափահար թռան և օդը լցրին աղմուկով։

Կրակեցի։

Երկու բադ ցած ընկան, մեկը՝ եղեգնուտը, մյուսը՝ ուղղակի գետի մեջ։

Զանգին վազեց եղեգնուտի կողմը։ Երևի գետի միջինը արդեն մերն էր համարում, չէր ուզում մյուսը ձեռքից բաց թողնել։

Բադը շատ մոտ էր ափից. կռացա. հրացանս մեկնեցի՝ չհասավ։

Քիչ էլ առաջ գնացի, կանգնեցի մի փոքրիկ քարի, հրացանիս ծայրը հասցրի բադին և հենց իրանս մի քիչ առաջ մեկնեցի, քարը խրվեց ցեխի մեջ, և ես, կորցնելով հավասարակշռությունս՝ ջուրն ընկա։

Էլ չիմացա ինչ եղավ։ Հիշում եմ, որ բերանս լցվեց ջրով ու սկսեցի ղլղլացնելով արագ իջնել խոր հատակն ու հեռանալ ափից։

Զգացի, որ մեկն ուսիցս բռնեց ու վեր քաշեց։ Ձեռքերս ու ոտքերս ուժեղ շարժեցի, դուրս եկա ջրի երեսը. Զանգին է, ատամները խրել է շորերիս մեջ ու դեպի ափ է քաշում ինձ։

Խեղճը փոքր էր, շուտ հոգնեց, բայց մի քայլաչափ մոտեցրեց ափին։

Լողալ չգիտեի, շորերս թրջվել ու խիստ ծանրացել էին։ Նորից իջա ջրի տակ և ինձ հետ ցած տարա իմ խեղճ Զանգիին։ Նա սկսեց խեղդվել, բայց ինձ բաց չթողեց, իսկ ես նրան ցած էի տանում իմ ահագին ծանրությամբ։ Խեղդվում եմ, բայց հրացանը պինդ պահել եմ ձեռքիս։

Մեկ էլ զգացի, որ շունը ինձ թաց թողեց ու բարձրացավ ջրի երեսը։ Հետո իմացա, որ բռնել է հրացանի փոկից ու սկսել է լողալ դեպի ափ։

Նա արդեն ամուր հողի վրա կանգնած, ինչքան ուժ ուներ, քաշում էր փոկից։ Ոտներով մի անգամ էլ խփեցի ջրին և հասնելով ափ, ուժասպառ ընկա տիղմի վրա։ Շունը վազեց դեպի մոտակա տունը և դռան առաջ սկսեց հաչել։

Չանցած մի քանի րոպե, Զանգին վազելով վերադարձավ, իսկ նրա ետևից՝ հովիվ պատանին, որն ինձ տեսնելով սկսեց գոչել.

— Մստո՜, կո՜ւռո որե՜, կուռո որե՜…

Մստոն նրա ընկերներից էր։ Նրանք ինձ տարան ֆերմայի հովիվներին հատկացված բնակարանը։ Զանգին վազեց գետափ ու բերեց սպանված բադը։

Հավաքվեցին ֆերմայի աշխատողները, մեկը կրակ վառեց, մյուսը՝ թաղիք փռեց գետնին։

Ինձ պառկեցրին թաղիքի վրա, ապա փորս տնտղելուց հետո մի հասակավոր քուրդ գոչեց.

— Տղան տկճոր է դարձել, գլխի վրա կախեցեք։

Կախեցին՝ ինչպես երեկ Զանգիին էինք կախել, և փորիս ջուրը դտոարկվեց։

Երբ մի քիչ ուշքի եկա, գրկեցի իմ հավատարիմ ընկերոջ գլուխը։ Նա հասկացավ, ձեռքերս լիզում էր և մտերմաբար շարժում պոչը։

Եկավ և վարպետ Սամսոնը, թավ բեղերի տակ ժպտաց ու նկատեց.

— Հ՛ը, մեր տղա, քեֆդ լավ չի երևում։ Ապա շոյեց շանս գլուխն ու մտախոհ՝ ասաց.— Մարդ սրա նման հավատարիմ ընկեր ունենա՝ էլ ինչ դարդ կունենա աշխարում…

 

Հարցեր

1. Ու՞ր էր գնացել հեղինակը:

2 . Ի՞նչ էր  հեղինակի շան անունը:

3. Ի՞նչ պատահեց որսի ժամանակ առաջին օրը:

4.Ի՞նչ պատահեց որսի ժամանակ երկրորդ օրը:

5. Ինչու՞ է հեղինակը Զանգիին անվանում ՛՛հավատարիմ ընկեր՛՛:

Իմ սիրած կենդանին

Իմ սրիած կենդանին պանդան է: Նրանց հայրենիքը Չինաստանն է: Նրանք ուտում են բամբուկ: Ամեն օր նրանք ուտում են 30 կիլոգրամ բամբուկ և նրանց հարկավոր է աղբյուր:  Պանդաները  գիշատիչ կենդանիներ են: Նրանք արջ են:  Նրանք ամբողջ երկրում 1500 են: Չինաստանում պանդաները շատ հայտնի են:Այնտեղ նրանք ապրում են արգելոցու, որտեղ միայն պանդաներն են:

 

Եղիշե Չարենցի կենսագրությունը

Yeghishe Charents Armenian poet.jpg

 

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897 մարտի 13, Կարս1937, նոյեմբերի 27, Երևան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Բանաստեղծին Իզաբելլան երկու դուստր է պարգևում՝ Աստղիկը և Արփենիկը։ Վերջինիս Չարենցին Ադոկ էր անուն։

Ավանդազրույցներ

Սևանա լիճ

1800-ականներին Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը: Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանը աղջիներին ուղարկում է խմելու ջուր բերելու։  Աղջիկները վերադառնում են դույլերի մեջ թրտացող իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ։ Նրանք այլևս առաջ չեն շարժվում ու այստեղ հիմնում են առաջին բնակավայրերը։ Այսպես, Սևանա լճի ափը շրջապատվում է տներով` շարունակելով իրենց հետ բերված մեր Արևմտյան հողերի ավանդույթները: Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են  Վան։ Ձմռանը   լիճը ամբողջավին սառչում է, պատվում մերկ սառույցով ու  մարդիկ ասում են Սև Վան եկավ մեր գլխին:                                                                              Հետագայում ելնելով բնակլիմայանկան պայմաներից Լճի ձուկը` իշխանը, բեղլուն, բոջագը, կողակը   հարյուրավորոր կիլոգրամներով աղ են դրել ու ողջ ձնմեռը կերել խաշած կարտոֆիլով։ Էս հողերում սա է եղել մեր պապերի փրկությունը։

Մեկ այլ ավանդույթով Ալաշկերտցիների մի խումբ հոգնած հասնում է Ագրիջա գետը, ուզում է անցնի, տեսնում է ջուրը լրիվ կարմիր է։ Ահաբեկված հայերը մտածում են, թե այստեղ էլ թուրքերից չեն փրկվի …գետը հայերի արյունով է լցված։ Սակայն ուշադիր նայելով տեսնում ե, որ առատ խաղացող կարմրախայթ  ձուկն է կարմրություն տալիս ջրին։ Հանգստանալուց, համեղ ձուկը ճաշակելուց հետո  այստեղ հիմնում են իրենց նոր գյուղերը։

 Ծովինար գյուղը

Ժողովրդական առասպելը պատմում է, որ  Սևանա լճի ափին մոտ գտնվող  Ծովինար և Արծվանիստ  գյուղերի տարածքում քաղցրահամ  ջրի մի աղբյուր է եղել։ Այդ անմահական  ջուրը մարդիկ շատ խնայողաբար էին օգտագործում` խմելուց հետո անմիջապես փակում էին  ջրի ծորակը: Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս ,ջուր վերցնելուց հետո անփութորեն բաց է թողնում աղբրի ակունքը։ Մինչև լույս հոսած աղբրի ջուրը հոսում է, լցվում շրջակայքը, կորցնում է աղբրի ակունքը ու գոյացնում  մի լիճ: Առավոտյան ջրի եկած առաջին կինը, տեսնելով կատարվածը,  անիծում է անշնորհք հարսին։ Անեծքից նորահարսը   քար է դառնում։ Սակայն հետո  տեսնելով, թե իրականում այս լիճը ինչքան օգուտ է բերում  բնակչությանը  անեծքով քարացած հարսի պատվին գյուղը կոչել են   Ծովինար:

Ներքին  Գետաշենի ծագման պատմությունը

Արմաղան լեռան փեշերին  ծվարած Ներքին Գետաշեն գյուղը  մինչև  1545թ կոչվել էԱդյաման։ ՙԱդե՚  տեղի  բարբառով նշանակում է մայրիկ, ՙյաման՚  նշանակում է վայ: Ըստ  ավանդության   Լենգ Թեմուրը արշավանքներով եկել է, որ գյուղը բնաջնջի,  պայման  դնելով, որ եթե  որևէ գյուղացի մարտի բռնվի ու կարողանա հաղթել իր ամենալավ մարզիկին,  ինքը հետ կկանգնի իր որոշումից։ էդ ժամանակ գյուղի տղամարդիկ վախեցել են,  իսկ մի աղջիկ  հագել է տղամարդու շոր և տղամարդու անվան տակ կռվել է։ Այն  պահին, երբ մարզիկը պետք է սուրը խրեր  նրա մարմինը, աղջիկը գոռում է   Ադե յաման — այսինքն  մամա վաա։ Լենգ Թեմուրը տեսնելով,  որ այդ գյուղում   կանայք այդքան համարձակ են, գյուղին ձեռք չի տալիս։

Արմաղան լեռան  խառնարանի մառախուղի պատմություն

Արմաղան լեռը  Գեղմա լեռնաշղթայի    մոտ երեք հազար մետր բարձրության  գագաթ է։  ։ Արմաղան անունը շատ հնուց է եկել։ Արմաղանը Սասունցի Դավթի  էպոսից  եկող անուն  է։ Հավանաբար լեռը իր գեղեցկության,  բարձր լինելու և անհասանելիության պատճառով են Արմաղան կոչել ։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Գոգավորության մեջ  պահվում է մի գեղեցիկ լճակ, որը հատկապես մայիս-հունիս ամիսներին շատ ջրառատ է լինում։ Լճակում հայտնվում են բազմապիսի ջրային թռչուններ։ Լճակի ափերը ծածկվում են ծաղկի գորգերով։
Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով:
Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու  մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին:

Արմաղան լեռան  խառնարանում վարդավառ անելու սովորույթը

Լճակի   վերևի մասում եղել Է   մոտավորապես  17-րդ  դարում կառուցված փոքր մատուռ:    Մեզ մոտ կա մի ավանդական տոն, մենք ասում ենք վարդավառ։ Այդ    օրը     շրջանի ողջ ժողովուրդը ձիերով, ուղտերով բարձրանում Էին Արմաղան, դհոլ զուռնայով մի ամբողջ տոնախմբություն էր կազմակերպվում։ Գառ էին մորթում, մատաղ էին անում։ Սարի վրայից երևում էր ամբողջ տարածաշրջանը  Սևանալիճը ու   մի  մեծ համայնապատկեր։

Արմաղանի մատուռի պատմությունը

Արմաղանի մատուռի մասին տարբեր լեգենդներ կան; Լեգենդներից մի ճյուղ ասում  Է, որ իբր հայ տղան սիրահարվել է   քուրդ աղջկան ու երկար ժամանակ սիրահարներեն եղել։  Գիտեին, որ   ծնողները ամուսնանալ չէին թողնի։ Աղջկա հայրը չի համաձայնվել և  տղան փախցրել է աղջկան ու  բարձրացրել Արմաղանի գագաթը։  Մտածելով,  որ լեռը բարձրանալ դժվար է և իրենց ետևից չեն գա։ Աղջկա հայրը ինչ-որ տեղից իմացել էր որ իր աղջիկը և փեսան լեռան գագաթում են և իր ամբողջ  ցեղախմբով նժույգներով եկել հասել են գագաթ։  Գիշերը գաղտագողի բարձրացել էին   անհայտ ճանապարհով  ու  բռնել երկուսին։ Աղջիկն ու տղան էդ    մատուռի տեղում են քնած եղել լուսնի լույսի տակ։  Հետապնդեղները բռնված  աղջկան ուզում են հետ վերադարձնել։  Հայրն ասում է, որ եթե հետ գաս տղային ձեռք չեմ տա, իսկ եթե ետ չգաս  երկուսիդ էլ կմորթեմ  տեղում ։ Լեգենդի համաձայն աղջիկը չի վերադառնում հոր հետ: Ահագին տառապանքներից հետո  զայրացած քուրդ ցեղապետը  սպանում է նրանց, դիակն թողում է այդ տեղ և գնում։ Լեգենդի համաձայն հետո  զղջում է, առավոտը   ետ է գալիս սպանվածների տեղը ու   մատուռ է կառուցում ու դարձնում  սրբավայր: Մատուռ են կառուցում նաև հայերը:Մինչև այժմ կա ավանդույթ և հայերը և քրդերը , որպես սրբատեղի բարձրանում են Արմաղան, բայց տարբեր օրերի:

 

Սելիմի լեռնանցքը, քարավանատուն, իջևանատունը

Լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին: Ավանդապատումը պատմում է , որ  քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը  , ճանապարհը դժվարանցանել է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած գիշերը վրա է հասել,  կորցրել է ճանապարհը ու խեղդվել է ձյունաբուքի մեջ: Ասում են քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատում, որտեղ ճանապարհորդները կարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը:  Լեռնանցքը այդ ժմանակից կոչվում է Սելիմ լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան Քարավանատունը

 Սելիմի Քարավանսարա (Սուլեմայի քարավանատուն) — Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավռում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհ։ Կաւռուցվել է 1332 թ իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Սա  միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական մեծ արժեք։ XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ:  Քարավանատան երկարությունը 35,5մ է:  Ունի եռանավ դահլիճ  7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։  Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք: Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:Քարավանատունը  վերանորոգվել է 1957-58 թթ ։   Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:

Վերջապես գարուն է

spring_7Վերջապես գարուն եկավ: Արևը շուտով կպայծառանա, ձյունը կհալվի, անձրևները քիչ կլին են թռչուները կերգեն, ծառերը կկանաչեն, ծաղիկները կծաղկեն: Բակում շատ կխաղանք,շատ կզբոսնենք: Թող ձյունը հեռանա, որ գարունը այս տարի լինի տաք: